2005

Հաստատված է «ՍԳԿԿ» ԻԿԿ 28.06.05թ. կայացած հիմնադիրների ժողովի թիվ 1 արձանագրությամբ

 

 

Կանոնադրություն

«Անվճարունակության գործերով կառավարիչների կոլեգիա»

Ինքնակարգավորվող կազմակերպության

 

1.     ԸՆՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1.  «Անվճարունակության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակեր-պությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություն է, որը ստեղծվել է հիմնադիրների որոշմամբ` ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի, « Անվճարունակության/ սնանկության/ մասին» ՀՀ օրենքի և ՀՀ այլ օրենսդրական ակտերի համաձայն:

1.2.   Կազմակերպության լրիվ անվանումն է հայերեն` «Անվճարունակության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող Կազմակերպություն (հայերեն` կրճատ«ԱԳԿԿ»ԻԿ), ռուսերեն` Саморегулирующая Органзация “Колегия Упражляющих по Делам о Несостоятельности” (ռուսերեն` կրճատ СРО “КУДН”):

1.3.  Կազմակերպության գտնվելու վայրն է ք. Երևան, Արցախի 57:

1.4.  Կազմակերպությունը գործում է ՀՀ Օրենսդրությանը  և սույն կանոնադրությանը համապատաս-խան, ինչպես նաև, օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

1.5.  Կազմակերպությունը քաղաքական նպատակներ չի հետապնդում, որևէ քաղաքական հոսանքի չի հարում:

1.6.   Կազմակերպության աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

1.7.   Կազմակերպության սկզբունքներն են` օրինականությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, ինքնակառավարումը, և ղեկավարման կոլեգիալությունը:

 

2.     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ

2.1.   Կազմակերպության գործունեության նպատակն է նպաստել անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության զարգացմանը, աջակցել կազմակերպության անդամների մասնագիտական հմտությունների և փորձառության ձեռքբերմանը, նպաստել հասարակության առջև նրանց գործունեության ներկայացմանը, ինչպես նաև այս ոլորտում հասարակության շահերի պաշտպանմանը,  աջակցել կազմակերպության անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

2.2.  Որպես կառավարիչների ինքնակարգավորվող կառույց` կազմակերպության գործունեության առարկան են.

ա) անվճարունակության գործերով կառավարիչների վարքագծի և մասնագիտական վարքի կանոնների մշակումը և հաստատումը,

բ)  կազմակերպության անդամ կառավարիչների կողմից ՀՀ Օրենսդրության և մասնագիտական վարքի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

գ)   կազմակերպության անդամների գործունեության վերահսկողության իրականացումը իրենց անվճարունակության գործով կառավարիչների գործառնական պարտականություններն իրականացնելիս,

դ)   կազմակերպության անդամ կառավարիչների, նրանց գործունեությանն առչվող դիմում-բողոքների քննումը և նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը,

ե)  կազմակերպության անդամների օրինական շահերի ներկայացումը ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ նրանց փոխհարաբերություններում,

զ)   կազմակերպության անդամների օրինական շահերի և իրավունքների պաշտպանություն տարբեր միջոցներով, ընդհուպ նշված անձանց օրինական շահերի և իրավունքների պաշտպանությոան վերաբերյալ տարբեր դատական ատյաններ հայցերի ներկայացումը,

է)  աջակցություն կազմակերպության անդամների մասնագիտական հմտության և փորձառության ձևավորմանը,

ը) անվճարունակության գործերով կառավարիչների և նրանց օգնականների վերապատրաստման և ուսուցման դասընթացների կազմակերպում,

թ) իր անդամների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրում սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար,

ժ) մասնակցություն անվճարունակության գործընթացները կարգավորող իրավական ակտերի մշակմանը,

ի) օժանդակություն անվճարունակության վարույթի կատարելագործման ուղղությամբ ընթացակարգերի մշակմանը,

լ) իր անդամներին կազմակերպության կանոնադրական գործունեության սահմաններում իրավական, կազմակերպչական և այլ բնույթի ծառայությունների մատուցում,

խ) համանման (մասնագիտական) միջազգային կազմակերպությունների, և բնագավառի օտարերկրյա ու տեղական մասնագետների կողմից ճանաչման հասնելու ուղղությամբ միջոցառումների իրականացում,

ծ) կազմակերպության անդամներին ՀՀ իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ ապահովում,

կ)  մասնագիտական թերթերի և ձեռնարկների հրատարակում,

հ) հասարակության շրջանում անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության հրապայնակայնության ապահովման, ինչպես նաև, այդ ոլորտում հասարակության շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքների իրականացում,

ձ) համագործակցություն միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների մասնագիտական և այլ կազմակերպությունների հետ փորձի փոխանակման և գործնական շփումների նպատակով,

ղ) անվճարունակության վարույթների պրակտիկայի ուսումնասիրություն և ընդհանրացում:

2.3.  Կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կանոնադրությամբ չնախատեսված, սակայն ՀՀ Օրենսդրությանը չհակասող ցանկացած այլ գործունեություն:

 

 

3.     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

3.1. Կազմակերպության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման պահից և դադարում է նրա լու-ծարման ավարտի պահից:

3.2. Կազմակերպությունն ունի օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպա-տակներին համապատասխան իրավունքներ և կրում է այդ գործունեության հետ կապված պարտականություններ:

3.3.Կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

3.4. Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:

3.5.Կազմակերպությունը կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:

3.6. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կլոր կնիք, դրոշմ, խորհրդանիշ, ինչպես նաև ունի հաշիվներ բանկերում` ՀՀ արժույթով և արտարժույթով:

3.7. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներնը իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

3.7.1.      ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում` արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտները,

3.7.2.      ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառում միջոցների ներգրավմամբ ստանալ վարկեր,

3.7.3.      ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ,

3.7.4.      ինքնուրույն ընտրել իր արտաքին գործունեության Վարման կարգը,

3.7.5.      ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը,

3.7.6.      տեղեկատվություն տարածել իր գործունեության Մասին,

3.7.7.      հիմնադրել լրատվության միջոցներ,

3.7.8.      կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր,

3.7.9.      օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,

3.7.10.  ստեղծել առևտրային կազմակերպություններ (տնտեսական ընկերություններ) կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին,

3.7.11.  անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպություններին և ունենալ միջազգային այլ կապեր, համագործակցել այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակոց այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը,

3.7.12.  սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ,

3.7.13.  Կազմակերպությունը կարող է ունենալ օրենքով սահմանված այլ իրավունքներ:

3.8. Կազմակերպության իրավունքները կարող են սահմանապակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

3.9. Կազմակերպությունն իրավունքներ է ձեռք բերում և իրականացնում իր կամքով և ի շահ իրեն, ազատ է պայմանագրի հիմման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

3.10.                    Կազմակերպությունն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր իրավունքների պաշտպանության իրավունք:

3.11.                    Կազմակերպության գործունեությունից ստացված շահույթը մասնակիցների միջև չի բաշխվում:

 

4.     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Կազմակերպությունը պարտավոր է`

4.1.1.   ցանկացած ֆիզիկական անձի պահանջով ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 7 օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը,

4.1.2.   վարել իր անդամների հաշվառումը,

4.1.3.   տարին մեկ անգամ անցկացնել հերթական ընդհանուր ժողով,

4.1.4.   տարին մեկ անգամ պատրաստել իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները և ներկայացնել հերթական ժողովի հաստատմանը, ապահովել հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը,

4.1.5.   օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին,

4.1.6.   առանց լիազրագրի կազմակերպությանը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում, պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները,

4.1.7.   ՀՀ արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` պետական կառավարման լիազորված մարմին) պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճեները, գործունեության մասին  այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին ներկա գտնվելու ժողովին,

4.1.8.   առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո. Մեկամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին` սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար,

4.1.9.   կրել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

 

5.     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Կազմակերպությունը իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով` օրենքով սահմաված կարգով:

5.2.Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների համար:

5.3. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար,ինչպես որ վերջիններս պատասխանատվություն չեն կրում կազմակերպության պարտավորությունների համար:

5.4. Եթե կազմակերպությունը իր անօրինական գործունեությամբ վնաս է հասցրել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց, պարտավոր է այն հատուցել իր գույքի հաշվին օրենքով սահմաված կարգով:

 

6.     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,ԴՐԱ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

6.1. Կազմակերպության գույքը հանդիսանում է կազմակերպության սեփականությունը:

6.2. Կազմակերպության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ, այդ թվում օտարերկրյա այլ աղբյուրներից: Կազմակերպության անդամների կողմից սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը կազմակերպության սեփականությունն է:

6.3. Կազմակերպության հիմնադիրները և անդամները կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ` անդամավճարների ) նկատմամբ իրավունք չունեն:

6.4.   Կազմակերպությունը իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինուն է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան` օրենքով  սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

6.5.   ՀՀ տարածքում կազմակերպության  սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո:

6.6.  Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերում:

7.      ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

7.1.Կազմակերպության անդամ դառնալը կատարվում է կամավորության  սկզբունքով:

7.2.Կազմակերպության անդամ կարող են լինել այն քաղաքացիները որոնք սահմանված կարգով ստացել են անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա:

7.3. Կազմակերպության ստեղծման նրա անդամ են հանդիսանում նրա հիմնադիր հանդիսացող այն քաղաքացիները, որոնք սահմանված կարգով ստացել են անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա:

7.4. Կազմակերպության անդամ դառնալ ցանկացողները գրավոր դիմում են ներկայացնում` կցելով օրենքով և սույն կանոնադրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերը, հայտնում են կազմակերպության կանոնադրության և վարքագրքի հետ իրենց համաձայնության մասին: Դիմումը քննարկվում է խորհրդի նիստում պահանջվող բոլոր փաստաթղթերի ինչպես նաև մուտքի վճարի առկայության դեպքում: Խորհրդի կողմից տվյալ հարցի կապակցությամբ ընդունվում է որոշում 10 օրյա ժամկետում: Բացասական որոշման դեպքում վճարված գումարները ետ են վերադարձվում 5 օրյա ժամկետում:

7.5. Կազմակերպության  անդամ ընդունված քաղաքացուն տրվում է խորհուրդի  նիստի որոշման համապատասխան քաղվածքը և համապատասխան նշումով վկայական, որի ձևը հաստատվում է խորհրդի կողմից:

7.6. կազմակերպության  յուրաքանչյուր անդամ ընդհանուր ժողովում ունի մեկ ձայնի իրավունք:

7.7. կազմակերպության  անդամն իրավունք ունի`

  • ներկա գտնվել կազմակերպության անդամների ընդհանուր ժողովին, ընտրել և ընտրվել ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում,
  • ծանոթանալ  կազմակերպության  ղեկավար մարմինների աշխատանքների արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճեները, կազմակերպության   աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ և առաջարկություններ,
  • ստանալ մասնագիտական օժանդակություն և այլ համապատասխան օգնություն սնանկության գործերով կառավարչի գործունեության վերաբերյալ,
  • օգտվել կազմակերպության  խորհրդատվական, տեղեկատվական և այլ ծառայություններից, անարգել դուրս գալ անդամությունից իր գրավոր դիմումի համաձայն:
  • կանոնադրությամբ սահմանված կարգով բողոքարկել կազմակերպության  մարմինների որոշումները կազմակերպության  վերադաս մարմիններին:

7.8.կազմակերպության  անդամը պարտավոր է`

  • կատարել կազմակերպության կանոնադրության պահանջները, ինչպես նաև ժողովի և խորհրդի որոշումները,
  • պահպանել վարքագծի  և մասնագիտական վարքի կանոնները,
  • հոգ տանել կազմակերպության  հեղինակության բարձրացման համար,
  • սույն կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով մուծել անդամավճարը,
  • բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները,
  • չհրապարակել կազմակերպության և սպասարկվող կազմակերպությունների առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունները:

7.9.   կազմակերպության  անդամը կարող է հեռացվել կազմակերպությունից հետևյալ դեպքերում`

  • սահմանված ժամկետում ամսեկան անդամավճարների չվճարում,
  • անվճարունակության գործերով կառավարչի գործունեություն իրականացնելիս ՀՀ «անվճարունակության/Սնանկության մասին» օրենքի խախտումներ` կազմակերպության խորհրդի հաստատված կարգով,
  • կազմակերպության  ղեկավար մարմինների` իրենց իրավասությունների սահմաններում կայացված որոշումների չկատարում` կազմակերպության խորհրդի կողմից հաստատված կարգով, կազմակերպության գործարար հեղինակությունը վարկաբեկող կամ նյութական վնաս հասցնող գործողությունների կատարում` կազմակերպության խորհրդի կողմից հաստատված կարգով:

 

8.     ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ և ՄՈՒՏՔԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ(ՎՃԱՐՄԱՆ) ԿԱՐԳԸ

 

8.1.Կազմակերպության  անդամներն անդամագրվելիս մուծում են մուտքի վճար, այնուհետև` ամսեկան անդամավճար: Կազմակերպության  անդամների մուտքի վճարի չափը կազմում է 50.000 ՀՀ դրամ, իսկ ամսեկան անդամավճարի չափը` 5.000 ՀՀ դրամ, ինչպես նաև լրացուցիչ անդամավճար` կառավարչի վարձատվության 5%-ի չափով: Մինչև տվյալ անդամի` կազմակերպությանն անդամակցելու պահը սկսած վարույթների նկատմամբ լրացուցիչ անդամավճարի հաշվարկման բազան և վճարման կարգը որոշվում է խորհրդի կողմից: Մուտքի վճարի և ամսեկան անդամավճարի չափերը կարող են փոփոխվել ընդհանուր ժողովի որոշմամբ:

8.2.Յուրաքանչյուր ամսվա անդամավճարի գումարը անդամների կողմից պետք է մուծվի մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը:

8.3.Երկու ամսվա ամսեկան անդամավճար  չմուծելու դեպքում կազմակերպության  անդամի անդամությունը դադարեցնելու հարցը սահմանված կարգով ներկայացվում է խորհրդին` վերջնական որոշում կայացնելու նպատակով:

8.4.կազմակերպության նոր անդամագրված անդամների ամսեկան անդամավճարի մուծումը սկսվում է խորհրդի կողմից անդամագրվելու վերաբերյալ համապատասխան որոշումն ընդունելուն հաջորդող ամսվանից:

 

9.     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

9.1. Կազմակերպության կառավարման մարմիններն են`

§         ընդհանուր ժողովը,

§         դիտորդ խորհուրդը,

§         գործադիր տնօրենը:

ա/ ընդհանուր ժողովը 

 

9.2. Կազմակերպության բարձրագույն մարմինը, նրա անդամների ընդհանուր ժողովն է (այսուհետ` ընդհանուր ժողով), որն ունի Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք:

9.3. Կազմակերպության հերթական ընդհանուր ժողովը հրավիրում է տարին մեկ անգամ, սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով:

9.4. Հերթական ընդհանուր ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսելու տեղի, օրվա ու ժամի մասին անդամներին ծանուցվում է պատվիրած նամակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ այլ պատշաճ եղանակով ոչ ուշ քան ընդհանուր ժողովից 14 օր առաջ:

9.5. Արտահերթ ընդհանուր ժողով հրավիրվում է անդամների մեկ երրորդի, վերհսկիչ կամ կարգապահական հանձնաժողովների պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ, քան 14  օրացուցային օրվա ընթացքում: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել նաև դիտորդ խորհրդի կամ  դիտորդ խորհրդի նախագահի կողմից` պատճառաբանված պահանջի դեպքում ոչ ուշ, քան նման պահանջ ներկայացնելուց հետո 14 օրացուցային օրվա ընթացքում: Արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական ընդհանուր ժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով` ընդհանուր ժողովի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ:

9.6.                         Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունն է`

9.6.1.      կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը,

9.6.2.      կազմակերպության անդամին անդամությունից զրկելը,

9.6.3.      կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության, կարգապահական հանձնաժողովի անդամների և ղեկավարների ընտրությունը, ինչպես նաև նրանց լիազորոությունների դադարեցումը,

9.6.4.      կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը,

9.6.5.      կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը,

9.6.6.      կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, գույքի փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը` բացի դատարանի վճռով վերակազմակերպումից,

9.6.7.      կազմակերպության լուծարման մասին որոշման ընդունումը` բացի դատարանի վճռով լուծարումից,

9.6.8.      նպատակային ներդրումների սահմանումը,

9.6.9.      ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը սահմանելը.

Օրենքով և սույն կանոնադրությամբ ընդհանուր ժողովը իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումները ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով` բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով:

Ընդհանուր ժողովի ընթացքի արձանագրման փաստաթղթերը պահվում են առնվազն հինգ տարի:

            բ/ Դիտորդ խորհուրդը

 

9.7.Դիտորդ խորհուրդը հանդիսանում է կազմակերպության ղեկավարման մշտապես գործող կոլեգիալ մարմին,

9.8.Դիտորդ խորհուրդը իրականացնում է կազմակերպության գործունեության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերի, իսկ դիտորդ խորհուրդի իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել գործադիր մարմնին:

9.9.Դիտորդ խորհուրդի անդամը միարժամանակ չի կարող լինել գործադիր տնօրեն, կամ գործադիր մարմնի անդամ /ղեկավար/, կարգապահական հանձնաժողովի անդամ /ղեկավար/. 

9.10.                    Դիտորդ խորհուրդի իրավասությունն է`  

  • տարեկան հաշվետվության և հաշվապահական հաշվեկշռի քննարկումը և ընդհանուր ժողովին ներկայացումը,
  • կազմակերպության բյուջեի հաստատումը և նրանում փոփոխությունների կատարումը,
  • հերթական և արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրումը և ժողովի օրակարգի որոշումը,
  • կազմակերպության անդամների ընդունումը,
  • կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջնորդների կիրառումը,
  • կազմակերպության ընթացիկ գործունեության վարումը ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում,
  • վարքագծի էթիկայի կանոնների, կարգապահական հանձնաժողովի կանոնների և կարգերի մշակումը և ընդհանուր ժողովի հաստատման ներկայացումը,
  • կազմակերպության հանձնաժողովների գործունեության մասին հիմնական դրույթների, ինչպես նաև վերջիններիս կանոնակարգերի, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ստեղծման և լուծարման կանոնադրությունների, կանոնակարգերի նախագծերի նախապատրաստում և ընդհանուր ժողովի հաստատման ներկայացում,
  • սնանկության գործով կառավարիչների հաշվետվությունների հավաքագրման, մշակման և պահպանման ձևերի և կարգի սահմանումը: 

9.11.                    Դիտորդ խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են խորհրդի անդամներից կեսին ավելին:

9.12.                    Դիտորդ խորհուրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Դիտորդ խորհուրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

9.13.                    Դիտորդ խորհուրդը ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով և բաղկացած է 7 անդամից` ներառյալ` Դիտորդ խորհուրդի նախագահը:

          Դիտորդ խորհուրդը իր աշխատանքն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Դիտորդ խորհուրդի անդամների մեկ երրորդի կամ Դիտորդ խորհուրդի նախագահի պահանջով կարող են հրավիրվել նաև արտահերթ նիստեր:

9.14.                    Դիտորդ խորհուրդի  անդամների ընտրության ժամանակ կազմակերպության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրել մեկ թեկնածություն, այդ թվում իր թեկնածությունը: Առաջադրումների արդյունքում կազմվում է թեկնածուների ցուցակը: Ցուցակում ընդգրկված ցանկացած թեկնածու կարող է ինքնաբացարկ անել: 

Ընտրությունները անց են կացվում փակ կամ բաց քվեարկության ձևով` ընդհանուր ժողովի որոշմամբ: Քվեարկության ընթացքում կազմակերպության յոււրանքաչյուր անդամ պետք է քվեաթերթիկում նշի 7 թեկնածու: Քվեարկության արդյունքներով կազմվող ցուցակի մեջ են մտցվում ընտրվողների քանակին համապատասխան այն թեկնածուների անունները, որոնք հավաքել են առավելագույն ձայները: Ինքնաբացարկի դեպքում ցուցակի մեջ է մտցվում հաջորդ շատ ձայն հավաքած թեկնածուն: Ընդհանուր ժողովի որոշումը դիտորդ խորհրդի անդամների ընտրության հարցում ընդունվում է սույն կանոնադրության 9.6.9. կետով սահմանված ձևով:

9.15            Դիտորդ խորհրդի նախագահն ընտրվում է դիտորդ խորհրդի կողմից 3 տարի ժամկետով դիտորդ խորհրդի անդամների ձայների 2/3-ով:

                Դիտորդ խորհրդի նախագահը

9.16            Դիտորդ խորհրդի նախագահը հրավիրում է դիտորդ խորհրդի նիստեր և նախագահում դրանք,

9.17            Կազմակերպում է դիտորդ խորհրդի, վերահսկում կազմակերպության ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև, կոորդինացնում և ապահովում է նրանց և հանձնաժողովների համագործակցությունը,

9.18            Կազմակերպում է դիտորդ խորհրդի նիստերի  արձանագրություններիվարումը,

9.19            Իրականացնում է ընդհանուր ժողովի ու դիտորդ խորհրդի կողմից տրված այլ լիազորություններ:

9.20            դիտորդ խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է խորհրդի կազմից տարիքով ավագը:

                            գ/ Գործադիր տնօրենը

9.21            Կազմակերպության գործադիր տնօրենը ընտրվում կամ նշանակվում է դիտորդ խորհրդի կողմից և իր գործունեության համար հաշվետու է միայն դիտորդ խորհրդին:

9.22            Գործադիր տնօրենն իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի գործում է կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը, տնօրինում է նրա գույքը, այդ թվում` ֆինանսական ռեսուրսները, վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթներ (ներառյալ` վարում և պահպանում է վարձու աշխատողների աշխատանքի ընդունման նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը կամ կարող է դրա վարումը և պահպանումը լիազորել ու հանձնարարել իրականացնելու այլ` համապատասխան պաշտոնատար անձի) տալիս է լիազորագրեր, բանկերում բացում է բանկային և այլ հաշիվներ, արձակում  է հրամաններ, վարձու աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, կազմում և Դիտորդ խորհուրդի հաստատմանն է ներկայացնում գործադիր մարմնի կառուցվածքը, հաստիքացուցակը և բյուջեն, իրականացնում է Դիտորդ խորհուրդի կողմից սահմանված այլ լիազորություններ:

9.23            Գործադիր տնօրենը արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու համար /պատճառաբանված/ միջնորդություն է ներկայացնում Դիտորդ խորհուրդի քննարկմանը:

10. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

10.1.                    Կարգապահական հանձնաժողովը` կազմակերպությունում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է 5 անդամից և ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով, ներառյալ հանձնաժողովի ղեկավարը:

10.2.                    Կարգապահական հանձնաժողովի անդամը պետք է ունենա պետական լիազոր մարմնի կողմից որակավորման վկայական և ՀՀ օրենքով սահմանված կարգով պետք է հաշվառված լինի որպես ԱՁ և չի կարող միաժամանակ լինել Դիտորդ խորհուրդի անդամ, գործադիր տնօրեն /կամ վարչության անդամ/ կամ գործադիր մարմնի աշխատակից:

10.3.                    Կարգապահական հանձնաժողովն ունի իր գործունեությունն իրականացնում է սույն կանոնադրությամբ, ընդհանուր ժողովի կողմից հաստատված կանոններով և կարգերով սահմանված կարգով վերահսկում է կազմակերպության անդամների գործունեության համապատասխանությունն օրենքին, սույն կանոնադրությանը, ընդհանուր ժողովի հաստատված կանոններին և կարգերին, խախտում թույլ տված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում և համապատասխան տույժեր կիրառում:

 

11.       ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ և ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ

11.1.                    Կազմակերպությունն իր կանոնադրական նպատակները և խնդիրներն իրականացնելու նպատակով կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին:

11.2.                    Առանձնացված ստորաբաժանումներն իրավաբանական անձ չեն, կարող են օգտվել գույքով` Կազմակերպության կողմից հաստատված կանոնադրության հիմման վրա:

11.3.                    Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ և առևտրային կազմակերպություններ հիմնադրելու իրավունք ունի Խորհուրդը, որն էլ հաստատում է նրանց կանոնադրությունները:

11.4.                    Ներկայացուցչությունների, մասնաճյուղերի և առևտրային կազմակերպությունների ղեկավարները նշանակվում են գործադիր տնօրենի կողմից Դիտորդ խորհուրդի որոշման հիմման վրա:

 

12. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

12.1.                    Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կազմակերպության վերահսկիչ ծառայությունը:

12.2.                    Կազմակերպության վերստուգիչ ծառայությունը ընտրվում է հանձնաժողովի կողմից 3 տարի ժամկետով` 3 անդամից, ներառյալ ծառայության ղեկավարը:

12.3.                    Վերստուգիչ ծառայությունը իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան 3 անգամ: Վերստուգիչ ծառայության ղեկավարի կամ Դիտորդ խորհուրդի նախագահի պահանջով կարող են հրավիրվել նաև վերահսկիչ ծառայության արտահերթ նիստեր:

12.4.                    Կազմակերպության վերստուգիչ ծառայությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Ծառայությունը որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում ծառայության ղեկավարի ձայնը վճռորոշ է:

12.5.                    Վերստուգիչ ծառայությունը Կազմակերպության անդամների, անդամության թեկնածուների կողմից որոշումների կատարմանը, Կազմակերպության գույքի պահպանմանը, ստուգում է Կազմակերպության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ընդհանուր ժողովին ներկայացնելու նպատակով տալիս է եզրակացություն Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև վերահսկում է կազմակերպության գործունեությունը:

12.6.                    Վերստուգիչ ծառայությունը իրավասու է կազմակերպության պաշտոնատար անձանցից ու աշխատողներից պահանջել և ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկություն:

12.7.                    Վերստուգիչ ծառայությունը պարտավոր է իր հաշվետվությունը ներկայացնել  ընդհանուր ժողով Կազմակերպության գործունեության արդյունքների, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների մասին:

 

13. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

13.1.                    Կազմակերպության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա ընդհանուր ժողովի որոշման հիմման վրա կամ դատական կարգով: Կազմակերպությունը համարվում է վերակազմակերպված, բացառությամբ միացման ձևի, նոր առաջացած Կազմակերպության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

13.2.                    Կազմակերպությունը այլ Կազմակերպության հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված-միացված` Կազմակերպության գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

13.3.                    Կազմակերպության լուծարումը հանգեցնում է դրա գործունեության դադարմանը` առանց իրավունքներ և պարտականություններ իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցվելու: Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած, նրա գործունեության դադարման պետական գրանցման պահից:

13.4.                    Կազմակերպությունը կարող է կամավոր լուծարվել ընդհանուր ժողովի որոշմամբ:

13.5.                    Կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

13.6.                    Կազմակերպության լուծարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

13.7.                    Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

13.8.                    Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարվում են օրենքով սահմանված կարգով: